National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2015
Քննարկվել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային առնչվող հարցեր
1 / 4

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Երեւանի ավագ դպրոցների զինվորական ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի անդամներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Թեւան Պողոսյանը:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է մշտապես գտնվում պատանիների նախազորակոչային պատրաստության գործընթացը՝ որպես զինված ուժերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման եւ որակական այլ չափանիշների բարելավման կարեւորագույն հիմնաքարերից մեկը: Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկան առանձնահատուկ կարեւորություն ունի հայրենասեր երիտասարդներ դաստիարակելու եւ բանակի ու ռազմարվեստի հանդեպ առանձնակի պատասխանատու վերաբերմունք սերմանելու հարցում: Նշելով, որ յուրաքանչյուր ուսուցչի սրբազան պարտքն է ազգային արժեքներ կրող երիտասարդներ դաստիարակելը՝ պարոն Նահապետյանն այս հարցում առավել կարեւորել է ՆԶՊ առարկան դասավանդողների դերը, նրանց կերպարն ու անձնական օրինակով երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպումը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ հանձնաժողովն արդեն համագործակցում է հանրակրթական հաստատությունների հետ, այցելում դպրոցներ՝ տեղում ծանոթանալով ՆԶՊ առարկայի դասավանդմանը եւ խնդիրներին: Կորյուն Նահապետյանը նշել է նաեւ, որ հանձնաժողովն առաջիկայում կազմակերպելու է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու նախազորակոչային պատրաստության եւ զորակոչի կազմակերպման խնդիրները:

Կորյուն Նահապետյանի համոզմամբ՝ ազգային անվտանգության կարեւորագույն տարրերից է հայոց բանակի ավանդույթներին ծանոթ, ֆիզիկապես եւ բարոյապես առողջ, դիմացկուն, բազմակողմանի զարգացած, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ պատանիներ եւ աղջիկներ դաստիարակելը: «Միայն առողջ ու հայրենասեր երիտասարդներ ունենալու դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ Հայաստանի ապագան ամուր ձեռքերում է»,- ասել է պարոն Նահապետյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պատշաճ ձեւով ապահովել կապը տարածքային զինկոմիսարիատների եւ զորամասերի հետ, կազմակերպել ռազմադաշտային պարապմունքներ, ռազմահայրենասիրական խաղեր, նրանց ներկայացնել զինված ուժերի խնդիրները եւ ամենակարեւորը՝ սովորողներին դաստիարակել ազգային բանակում ծառայելու զգացումով: Այս համատեքստում պարոն Նահապետյանը կարեւորել է զինղեկների կատարած հայրենանվեր գործը:

Խաչատուր Քոքոբելյանի գնահատմամբ՝ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն, որպեսզի դպրոցականները հետաքրքրվեն եւ սիրով յուրացնեն ՆԶՊ առարկան, քանի որ հայրենիքը սիրելու եւ պաշտպանելու հարցում մեծ է այս առարկայի դերը:

Թեւան Պողոսյանը եւս կարեւորել է ՆԶՊ առարկայի դասավանդումը, անդրադարձել դասագրքի բովանդակությանը: Նրա կարծիքով՝ զինվորական ծառայությունը նաեւ աղջիկների համար պետք է դառնա պարտադիր:

Հանդիպման ընթացքում ավագ դպրոցների զինվորական ղեկավարները ներկայացրել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման խնդիրները, անդրադարձել զինղեկների զբաղեցրած պաշտոնին համապատասխան կոչումների շնորհմանը, նախազորակոչային պատրաստության գործընթացի կարեւորությանը, հանրակրթական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը, ՆԶՊ առարկայի ծրագրի եւ ժամաքանակի վերանայմանը, օրենսդրական լուծում պահանջող խնդիրներին: Կարեւորվել են զինղեկների վերապատրաստումը, փորձի փոխանակումները, ավագ զինղեկի ինստիտուտի կայացումը, դպրոցներում ՆԶՊ առարկայի նյութատեխնիկական բազայի համալրումը: Ներկաներն առանձնակի արժեւորել են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:

Կորյուն Նահապետյանն առաջարկել է իր գլխավորած հանձնաժողովի անդամների, Կրթության եւ գիտության, Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների եւ զինվորականների մասնակցությամբ ձեւավորել աշխատանքային խումբ՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային առնչվող խնդիրներն առավել համակողմանի ուսումնասիրելու նպատակով: Նա հորդորել է ներկաներին ակտիվ մասնակցություն ունենալ խմբի աշխատանքներում եւ գրավոր առաջարկներն ուղարկել հանձնաժողով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am